Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, Ադրբեջանից ապաստան խնդրած ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը պատրաստվում է ընտանիքի հետ անցնել հակառակորդ երկրի սահմանն ու հանձնվել այդ երկրի իշխանություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյուբիկ Չիբուխչյանը, որն օրերս նամակով դիմել էր Ադրբեջանի նախագահին:
«Նամակից դեռ պատասխան չկա, բայց դե ես չեմ սպասելու պատասխանին, կթողնեմ ու ընտանիքիս հետ կգնամ էս երկրից, կանցնեմ Ադրբեջանի սահմանն ու էնտեղ ոնց ուզում են, թող հետս վարվեն: Ես վախկոտ մարդ չեմ: Իջեւանում արդեն բոլորն ինձնից երես են թեքելու, հետեւից գոռում են՝ Ադրբեջան: Աղջիկս դասախոս է, համալսարանում էլ իրեն են նեղացնում: Բա դա անելու բա՞ն է, հետո էլ ասում են՝ ինչի՞ եմ գնում, այ սրա համար եմ գնում Հայաստանից»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը վիրավորված է Հայաստանի իշխանություններից, որ իրեն չեն գնահատում. «Ինձ նման մարդ երկրագնդի երեսին չկա: 12 պետությունից ինձ հրավեր է եկել, որ գնամ այնտեղ ապրեմ, բայց չեմ գնացել, ինձ նման տաղանդ ուղղակի չկա, ու հիմա մարզպետարանից վերջնահաշվարկ են ներկայացնում՝ 18 հազար դրամ: Վիրավորվել եմ, շատ եմ վիրավորվել»:
Նշենք, որ ըստ Տավուշի մարզպետի նախկին խորհրդականի՝ ինքը բազում գրքերի հեղինակ է, ստեղծել է մարտարվեստ, հատուկ մատիտներ, այբուբեն:
Հիշեցնենք, որ Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանն անձամբ է Լյուբիկ Չիբուխչյանին հայտնել, որ աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնի: Հունիսի 10-ին Չիբուխչյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ քաղաքական ապաստան խնդրելով:
Լուսանկարը՝ «Առավոտի»




























