Փոթորիկի հետեւանքով Սախալինի մարզի բնակավայրերի խափանված էներգամատակարումը դեռեւս մասնակիորեն է վերականգնվել: Մարզի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցին հաղորդել են, որ ամբողջությամբ առանց էլեկտրաէներգիայի են մնացել Ռազդոլնոե, Չապլանովո, Պյատիրեչիե, Պոժարսկոե եւ Բամբուչկի գյուղերը: Էլեկտրաէներգիայից զուրկ են նաեւ Սախալինի հարավային մի քանի շրջաններ: Ընդհանուր առմամբ, առանց էկեկտրաէներգիա են մնացել ավելի քան 7400 մարդ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Սախալինէներգո» կազմակերպությունում պարզաբանել են, որ էլեկտրափոխանցման գծերում վերանորգման աշխատանքները շարունակվում են, թեեւ քամին ու անձրեւը զգալիորեն խոչընդոտում են աշխատանքներին:

Նախօրեին ուժգին փոթորկից հետ կղզում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 18 հազար մարդ: Հարավային Սախալինում եւ Կորսակովի շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Շրջանի ղեկավարը հրահանգել է կարճ ժամանակում հաշվարկել աղետից տուժած մունիցիպալ հաստատությունների նյութական վնասը՝ պահուստային աղբյուրներից օգնություն տրամադրելու համար:

Միեւնույն ժամանակ, ԱԻՆ-ի տվյալներով՝ արտակարգ պատահարի հետեւանքով հոսանքազրկվել է ավելի քան 1.600 տուն, որտեղ ապրում են ավելի քան 18 հազար մարդ, ինչպես նաեւ  սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող 8 օբյեկտներ: Քամու հետեւանքով մասնակիորեն վնասվել են 54 բնակելի տների տանիքները, ավելի քան 50 ծառ է տապալվել: Մի քանի օրվա ընթացքում վերականգնվել է 180 բնակելի տների էներգամատակարարումը, որտեղ 7000-ից ավելի մարդիկ են ապրում:

Պատահարի վերականգնման աշխատանքներում ներգրավված են 270 մարդ եւ 65 միավոր տեխնիկա: