Իսրայելի զինուժի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի վրա հարձակման ժամանակ սպանված բոլոր 9 հոգին էլ թուրք են: Այս մասին հայտնի է դարձել Իսրայելից Թուրքիա տեղափոխված դիակների զննման ժամանակ:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ`Թուրքիայի Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նախագահ Բյուլենթ Յըլդըրըմը նշել է, որ սպանվածները հնարավոր է 9-ից ավել լինեն, քանի որ որոշ անձանց իսրայելցի զինվորները ծովն են նետել:
Ստամբուլ ժամանած 3 ինքնաթիռներով բերվել են նաեւ 17 վիրավորներ:
Հիշեցնենք, որ օրերս իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին այսպես կոչված «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 «իրավապաշտպանների» եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ «իրավապաշտպաններ», իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» էր որակել՝ Իսրայելից ետ կանչելով իր դեսպանին:

























