Ռուսաստանում անցած տարվա հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատներն արդեն մոտ երկու ամիս չեն կարողանում խոսել Մոսկվայում կալանավորված Հրաչյայի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայ վարորդի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Ոչ մի կերպ չեն կարողանում կապվել նրա հետ, մոտ երկու ամիս հետը հեռախոսով չենք խոսել, որովհետեւ հենց դատավարությունը սկսվեց, հեռախոսը վերցրին մոտից: Գոնե էն ժամանակ կարողանում էինք գիշերները խոսել, բայց հիմա դա էլ արգելեցին: Շատ անհանգիստ ենք, չգիտենք՝ Ռուսաստանում ինչ է կատարվում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ փորձել են կապ հաստատել փաստաբանի եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հետ, սակայն չի հաջողվել:
«Միայն մի անգամ ասացին, որ սպասեք դատավարությունն ավարտվի, հետո ամեն ինչ կասենք, էդքան բան ու էլ զանգերի չեն պատասխանում»,- ավելացրեց Վիկտոր Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: Նախորդ դատական նիստին Հրաչյա Հարությունյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը:





























