«Հանրապետության նախագահը բոլոր հատկություններն ունի, որպեսզի իր խոսքն առաջ տանի, բայց թե ի՞նչն է նրան խանգարում այդ հարցում՝ այլ հարց է»,- ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին կատարել իր նախընտրական խոստումներն ու բարի ցանկությունները, արդյո՞ք շրջապատը, թե՞ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը։
«Իրողությունն այս է՝ համակարգը, որը ստեղծվել է անցած տարիների ընթացքում, իրենց ընդհանուր համակարգն է եղել։ Եւ այդ համակարգից ձերբազատվելու ցանկությունը բավարար չէ։ Սա նշանակում է, որ երկրում անհրաժեշտ է վիրահատություն իրականացնել, եւ այդ վիրահատության արդյունքում օրգանիզմը կարող է գնալ դեպի առողջացում։ Եթե Սերժ Սարգսյանը գնա դրան, ապա մեր քաղաքական ուժը ու շատ շատերը կպաշտպանեն նրան»,-նկատեց ՀԴԿ ղեկավարը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործոնին. Արամ Սարգսյանն ասաց, թե այսօր գործող համակարգը ստեղծողներից մեկը հենց ինքը՝ Քոչարյանն է։ «Հիմքը դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն այն ինչ-որ չափով ծաղկացրեց։ Եւ այժմ էլ, կա՛մ պետք է շարունակվի այս համակարգը, կա՛մ էլ պետք է գնանք այլ ճանապարհով»,- ասաց նա։ Արամ Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ համակարգում կան իրենց սեփական շահերն ունեցող անձինք ու իշխանական օղակներ։ «Այսինքն, բուրգը միասնական չէ, որը կներկայացնի մի ամբողջական ծրագիր, ամբողջական շահ, եւ այն կիրականացնի։ Հիմա, թե ո՞նց իրենք իրավիճակը կշտկեն, հայտնի չէ։ Չե՞ն կարողանա՝ կլինի լրիվ ուրիշ արդյունք, եւ այդ դեպքում կարող է եւ արտահերթ ընտրություններ տեղի ունենան»։
Նշենք, որ հունիսի 3-ին հրավիրված ասուլիսում Արամ Սարգսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը իր հրապարակային ելույթներում հաճախ է բարի ցանկություններ հայտնում, սակայն այդ ցանկություններն այդպես էլ միս ու արյուն չեն ստանում։


























