Ավստրիան նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին, որ հաջորդ շաբաթ իր այցի ընթացքում նա այնպիսի արտահայտություններ թույլ չտա, որոնք «կպառակտեին» ավստրիական հասարակությանը: Այդ մասին գրում է «Al Arabiya» թերթը՝ վկայակոչելով՝ France-Presse գործակալությանը:
Թուրքիայի վարչապետը անցյալ ամիս քննադատության էր արժանացել, երբ Քյոլնում կայացած իր ելույթում թուրքական ծագման գերմանացի հայտնի ընդդիմադիր քաղաքական գործչին նկատողություն է արել եւ մտավախություն հայտնել թուրքերի «ձուլման» համար: «Ես վարչապետին հստակ զգուշացնում եմ. նա չպետք է ավստրիական հասարակությունում տարաձայնությունների առիթ ստեղծի», - հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը «Oesterreich» թերթի հարցազրույցի ընթացքում:
«Եթե նա դրական խոսքով հանդես գա եւ շոշափի ճիշտ հարցեր՝ ցուցաբերելով Ավստրիայի նկատմամբ հավատարմություն, ապա նա կարող է օգնել: Սակայն եթե նա վարվի այնպես, ինչպես Գերմանիայում, ապա կվնասի ոչ միայն մեր բնակիչների մեծամասնությանը, այլեւ առաջին հերթին տուրք միգրանտներին», - հավելել է Քուրցը, ով նախկինում ղեկավարել է միգրացիայի նախարարությունը:
Նշենք, որ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հունիսի 19-ին մտադիր է այցելել Վիեննա, որտեղ 250 հազար թուրք է բնակվում: Այցը շատերի կողմից դիտարկվում է որպես արտասահմանում ձայներ շահելու ձգտում, քանի որ ակնկալվում է, որ թուրք վարչապետը կառաջադրվի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում:




























