Հանուն արդարության ու ժողովրդավարության Եվրոպայի հայկական  ֆեդերացիան,  որը հայտնի է նաեւ Եվրոպայի հայկական ազգային կոմիտե անվամբ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին բաց նամակ է հղել եւ Ադրբեջան  այցի լույսի ներքո նրա ուշադրությունն է հրավիրել այդ երկրում տեղ գտնող մարդու իրավունքների  բազմաթիվ խախտումների վրա, հայտնում է «Asbarez»-ը:

Կազմակերպությունը նաեւ նշել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմաններին եւ շփման գծին Ադրբեջանի կողմից լարվածության աճը, որտեղ վերջին ժամանակներս ադրբեջանական ուժերը բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հայ զինվորների մահվանը:

 «Հանուն արդարության ու ժողովրդավարության Եվրոպայի հայկական  ֆեդերացիան խնդրում է ընդգծել այն բանի անհրաժեշտությունը, որ Ադրբեջանը  պետք է հարգի ԵԱՀԿ ՄԽ ջանքերը, դիպուկահարներին հեռացնի շփման գծից եւ միջադեպերի հետաքննման մեխանիզմ ստեղծելու համաձայնություն տա, ինչին արդեն համաձայնել է Հայաստանը»,– ասված է Բարոզուին հասցեագրված բաց նամակում: