Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 14-ին, կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ եւ ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձեւաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու եւ կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:






























