Pepsi կորպորացիան Հայաստանում արտադրված մրգային հյութերի խտանյութեր է պահանջել` որակական վերլուծության համար: Տեղեկությունը հունիսի 14-ին «Jermuk International Pepsi Cola Bottler» ԲԲԸ-ի տնօրեն Արշավիր Մինասարյանն է հայտնել: 2011թ. բացված գործարանը, որ մինչ այժմ PepsiCo-ի գազավորված ըմպելիքներն էր արտադրում (Pepsi, 7Up, Mirinda), 2014թ. հունիս ամսից նաեւ Sandora բնական հյութեր կթողարկի:

Նախնական փուլում բանանի, նարնջի եւ խնձորի հյութերը արտասահմանից ներմուծված խտանյութերով են բացվելու: «Բանը նրանում է, որ PepsiCo-ի կողմից թողարկվող ապրանատեսակների յուրաքանչյուր բաղադրիչ պետք է ընկերության կողմից սերտիֆիկացման գործընթաց անցնի: Օրինակ` նարնջի խտանյութը ողջ աշխարհում գործող ընդամենը 3-4 մատակարարներից է ձեռք բերվում», - մեկնաբանել է Արշավիր Մինասարյանը:

«Բայց մենք արդեն սկսել ենք աշխատանքները` բաղադրիչների տեղայնացման ուղղությամբ: Եթե սերտիֆիկացման գործընթացը հաջող անցնի, մեծ բավականությամբ տեղական խտանյութեր կգնենք», - հայտարարել է տնօրենը` հավելելով, որ «Jermuk Pepsi Cola Bottler»-ը մրգեր գնելու եւ վերամշակելու մտադրություններ առայժմ չունի: «Դա հաջորդ փուլի խնդիր է», - ամփոփել է նա: