Վարդենիկի ավագ դպրոցում ծեծի ենթարկված ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանը չի պատրաստվում բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով հունիսի 9-ին ազատ արձակվեցին ծեծկռտուքի պատճառով ազատազրկված 12-րդ դասարանցիները՝ 1 տարվա ազատազրկման դատապարտված՝ Մեսրոպ Գրիգորյանը եւ 6 ամսվա ազատազրկման դատապարտված Արկադի Պողոսյանն ու Աբրահամ Շահինյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն, ծեծված ուսուցչի եղբայր Կամո Բադալյանը:
«Եթե բողոքեինք, ամենակսզբում կբողոքեինք, բայց չենք արել եւ հիմա էլ չենք անելու: Դե հիմա դեպք է, տեղի է ունեցել, ուղղակի մարդամեկը, որին Վարդենիկում ճանաչում են՝ որպես «փալաս», էնպես արեցին, որ սաղին խառնեց իրար, անիմաստ շուխուռ բարձրացրեց: Անմակարդակի մեկն է, այդքան բան»,- ասաց նա:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ եղբայրը դեռ բուժվում է, հայտնի չէ՝ նոր ուսումնական տարում կաշխատի դպրոցում, թե ոչ:
«Դեռ բուժկետում է Սեւակը, բուժումն ավարտի գա, կգնա արձակուրդ, հետո էլ սեպտեմբերից ինքը թող որոշի, թե կշարունակի աշխատել դպրոցում, թե ոչ: Ամեն դեպքում աշխարհի ցանկացած մասում էլ ուսուցչին պետք է հարգեն եւ նման դեպքերը պետք է բացառվեն»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի եւ 12-րդ դասարանցիների միջեւ ծեծկռտուքի պատճառով մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 3 աշակերտներ մեղավոր ճանաչվեցին հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ ուսուցչին ծեծի ենթարկելու մեջ: Մեսրոպ Գրիգորյանը դատապարտվել էր` 1, իսկ Արկադի Պողոսյանը և Աբրահամ Շահինյանը` 6 ամսվա ազատազրկման:





























