Էլեկտրաէներգիայի թանկացում պահանջողները թող մտածեն Հայաստանում արտադրվող ապրանքների ճակատագրի մասին, հունիսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Ըստ նրա՝ չի կարելի ցանկացած խնդրի դեպքում գնալ կարգավորողի մոտ եւ սակագնի թանկացում պահանջել»:
«Գինը բարձրացնում են՝ առանց որեւէ լուրջ ուսումնասիրության: Եվ արդյունքում վատ է լինում եւ սպառողի համար, որի ընտանեկան բյուջեն նվազում է, եւ տեղական արտադրողի , որի համար դժվարանում է մրցակցել ներկրողների հետ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան պետք է թանկանա 3,85 դրամով կամ 10-15%-ով: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմնավորում է, որ նախ անհրաժեշտ է վճարել էլեկտրակայանների եւ բաշխիչ ցանցերի ներդրումային ծրագրերի համար, եւ երկրորդ, անցյալ տարվա երաշտային գարունը եւ ամառը կրճատել են էժան հիդրոէներգիայի ծավալները:





























