Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին արդեն մեղադրանք է առաջադրվել քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով, որը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ միջնորդելով Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Րոպե առ րոպե Դավիթին կտեղափոխեն դատարան:
Իսկ Անի Գեւորգյանն ու Սարգիս Գեւորգյանն այս պահին գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում:
Երիտասարդները ձերբակալվել են հունիսի 1-ին՝ խուլիգանության կասկածանքով: Նրանք մոտ երկու տասնյակ մարդկանց թվում տեղափոխվել էին ոստիկանության բաժանմունք Ազատության հրապարակի եւ Սարյանի արձանի մերձակայքից: Սարգիս Գեւորգյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եղբայրն է:
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները մայիսի 28-ից բողոքի գործողություններ են անցկացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ բացել «Ա1+»-ը:


























