Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է լիիրավ կողմ հանդիսանա տարվող հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ստեփանակերտում Հայաստանի եւ ԼՂՀ-ի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի ժամանակ, իր ելույթում նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա մասնավորապես հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը մշտապես Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, եւ բազմաթիվ քննարկումներ ու լսումներ են անցկացվել վերոհիշյալ հարցի շուրջ:
Երկու տասնամյակ առաջ համաձայնեցված զինադադարով վերջ դրվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին եւ Արցախի հաղթանակած ժողովուրդը նոր ավյունով սկսեց կառուցել խաղաղ ու հզոր իր պետությունը:
Ներկայումս փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, եւ նրա կողմից որդեգրած ամեն ինչ կամ պատերազմ քաղաքականությունը թույլ չեն տալիս տարածաշրջանում հասնել լիակատար խաղաղության:
Պաշտոնական Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի, եւ ժխտելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` նա համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով եւ ամենուր տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հայերի մասին: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները: Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, բազմապատկվել են ու առավել վտանգավոր դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր խլել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է լիիրավ կողմ հանդիսանա տարվող հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում եւ ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է արժանանա Արցախի ժողովրդի հավանությանը:
Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափի, որը կարգավորման ուղիներ գտնելու լուրջ ներուժ ունի:
Ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման յուրաքանչյուր փորձ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:
Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ բանակցությունները կառուցողական ուղիով շարունակելու համար: Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ որեւէ քայլից, որը կարող է հավելյալ լարվածություն ու խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին:
Վերջում կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծ կարեւորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հետ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը եւ պատրաստ է բազմապատկել ժամանակի ընթացքում ձեռք բերված մեր միասնական ժառանգությունը»:





























