Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը այսօր՝ հունիսի 14-ին, հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ անդամների հետ ու քննարկել փաստաբանությանը վերաբերող խնդիրները:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեժլումյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Նելլի Հարությունյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Գեւորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Մարտուն Փանոսյանը եւ Կարապետ Աղաջանյանը։

Խորհրդի անդամները նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները, մասնավորապես՝

• Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների հետ կապված հարցը,

• Փաստաբանական դպրոցի ծրագրերի հետ կապված հարցը,

• Վարչական տուգանքները՝ առանց դատական ակտի, գանձելու սահմանադրականության եւ հարկադիր կատարման կարգով գանձման գործողությունների իրավաչափության հարցը,

• Արդարադատության խորհրդի հայեցողական լիազորությունների եւ թափանցիկության հարցը,

• ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից համակենտրոնացման ռեժիմը ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելու իրավաչափության հարցը,

• Խափանման միջոց կալանքի եւ կալանավորվածներին պահելու հետ կապված հարցը,

• Քրեակատարողական տարածք ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին փաստաբանների մուտք գործելու սահմանափակումների հարցը։

ՀՀ արդարադատության նախարարը կարեւորելով առողջ քննարկման ճանապարհով խնդիրներ լուծելու գործելաոճը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ պայմանավորվել է առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ՀՀ փաստաբանների պալատում եւ մանրամասնորեն անդրադառնալ այդ խնդիրներին: