Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջան՝ կարկտից տուժած գյուղացիներին հանդիպելու եւ իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը եւ համայնքապետերը կառավարության ղեկավարին ներկայացրել են վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Ըստ նրանց՝ հիմնական վնասը հասցվել է ցորենի դաշտերին եւ խաղողայգիներին՝ համապատասխանաբար շուրջ 400 եւ 100 հեկտարի չափով: Ավելի փոքր ծավալով տուժել են նաեւ թթի այգիները եւ եգիպտացորենի ու գարու դաշտերը:
Վարչապետը համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ տեղեկացրել է, որ կառավարությունը տեղումներից տուժած գյուղացիներին աջակցելու է ցորենի անվճար սերմացուով, ինչպես նաեւ դրամական օգնություն է տրամադրելու խաղողայգիների սրսկման նպատակով: Ա. Հարությունյանի խոսքով՝ տուժածների գյուղատնտեսական վարկերի ժամկետները երկարաձգվելու են, իսկ գլխավորապես անասնապահությամբ զբաղվող համայնքներին աջակցություն է ցուցաբերվելու անասնակերի տեսքով:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեղումներից նշանակալիորեն տուժած համայնքներում սկսել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք կբարելավեն ոչ միայն ճանապարհների վիճակը, այլ նաեւ բնակչության սոցիալական դրությունը: Նա հորդորել է բնակիչներին ըմբռնումով մոտենալ պետության կողմից տրամադրվող աջակցության ծավալներին՝ նշելով, որ առկա սուղ միջոցների եւ տասնյակ տուժած համայնքների պայմաններում կառավարությունը ձգտում է հնարավորինս սատար կանգնել գյուղացուն:
Համայնքապետերի հետ խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը հետաքրքրվել է նաեւ գյուղերի ժողովրդագրական դրությամբ: Որոշ համայնքներում նկատվող աշխատանքային միգրացիայի կարգավորման համար վարչապետը կոչ է արել նրանց գյուղերում առկա աշխատատեղերը տրամադրել առաջնահերթորեն տեղաբնակներին:
Քննարկվել են նաեւ Մարտունու շրջանում ընթացող բերքահավաքի աշխատանքների հետ կապված հարցեր: Կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ դրանց ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը:





























