Հանրապետական կուսակցությունը չպետք է մոռանա, որ ընտրություններից հետո դառնալու է ընդդիմություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե եթե ընդդիմության դաշտին վերահսկողական ավելի լայն ֆունկցիաներ տան, ապա կդառնան իշխանություն:
«Ցանկացած քաղաքական կուսակցություն, որը մասնակցում է Հայաստանի հանրապետության քաղաքական կյանքին, ուզում է արդյունավետ իշխանություն: Ընդդիմությանը լծակներ տալիս հանրապետական կուսակցությունը թող չմոռանա, որ մի օր էլ իրենք են ընդդիմություն լինելու, իսկ դա լինելու է ընտրություններից հետո: Չեմ կարող ասել՝ արտահերթ, թե հերթական, բայց հանրապետական կուսակցությունը դառնալու է ընդդիմություն, քանի որ հաղթելու է այն ուժը, ում մարդիկ իրենց վստահության քվեն կտա»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ իշխանությունները ողջամիտ կգտնվեն եւ կընդունեն քառյակի 12 պահանջները, եթե ցանկանում են թուլացնել հանրային լարվածությունը: Ինչ վերաբերվում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե պահանջների մի մասը պոպուլիստական են, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Քառյակն իր պահանջները, ցանկությունները ձեւակերպել է առաջացած խնդիրների վերաբերյալ: Քառյակը ձեւակերպել է այն խնդիրները, որոնք հասարակության ուշադրության կենտրոնում են: Բնականաբար, հանրային նշանակության կենտրոնում հայտնված խնդիրների համար պատասխանատու անձինք հայտարարում են, թե դրանք պոպուլիստական են: Այդ իրավիճակը ստեղծողը, պատասխանատուն հենց իրենք են»:
Նշենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:
Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:





























