ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ծանոթացել է մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցից մինչեւ Ծովակալ Իսակովի պողոտա ձգվող քաղաքային նոր ավտոմայրուղուն:
Երեւանի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի համաձայն նախատեսված, կենտրոնը շրջանցող՝ Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա անընդհատ երթեւեկության քաղաքային օղակաձեւ ավտոմայրուղի կառուցելու ծրագրով, Երեւանի քաղաքապետարանի պատվերով «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նախագծվել եւ ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչեւ Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթեւեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել էր 2012թ. հուլիսին, որն ավարտվել է 2014թ. մայիսի 31-ին:
Երեւանի քաղաքապետը մայրուղու բացման ժամանակ նշել է, որ ավտոմայրուղու եւ հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը՝ 2.2 կմ: Նշվել է, որ երթեւեկելի մասի լայնությունը կազմում է 15 մ (2 x 3.75 x 2), բաժանարար գոտու լայնությունը`4 մ, իսկ մայթերի լայնությունը՝ 2.25 մ եւ 2.5 մ: Կառուցվել են տարբեր մակարդակների տրանսպորտային երկու հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադյան փողոցի հատումներում։ Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցն ապահովում է առանց հատումների մեքենաների երթեւեկությունն ու ստեղծում տրանսպորտային կապ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի եւ նոր մայրուղու միջեւ։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց՝ 5.1 մ բարձրությամբ, երթեւեկելի 19 մ եւ ընդհանուր 23 մ լայնությամբ, 18x25x18 մ թռիչքներով՝ 62 մ երկարությամբ։ Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Թունելի երկարությունը 46 մ է, լայնությունը՝ 16 մ, բարձրությունը՝ 5.1 մ։ Հանգույցի այս հատվածում կառուցվել են ուղիներ՝ ապահովելով անհրաժեշտ երթեւեկության ուղղությունները։ Երթեւեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը 73000 քմ է, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14000 քմ, ընդամենը՝ 87000 քմ: Ավտոմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա:
Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել տրանսֆորմատորային 3 ենթակայան, ստորգետնյա եղանակով անցկացվել է 1950 գծամետր սնուցող եւ 5.5 կմ լուսավորության մալուխ, տեղադրվել է 157 հենասյուն եւ 486 հատ դիոդային լամպ, իսկ թունելի ներսում՝ 30 լուսարձակ։ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երեւանում: Բացի այդ, Երեւանի քաղաքապետը Նախագահ Սերժ Սարգսյանին նաեւ զեկուցել է, որ, շինարարական աշխատանքներին զուգահեռ, կանաչապատվել է 5 հա տարածք, տնկվել է 2000 դեկորատիվ ծառ եւ թուփ։ Կանաչապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով կառուցվել է պոմպակայան եւ անցկացվել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց։ Ավտոմայրուղու երթեւեկելի մասից ջրահեռացումն ապահովելու նպատակով կառուցվել է 4 կմ երկարությամբ հեղեղատար կոյուղու ցանց։ Մայրուղուն զուգահեռ կառուցվել է նաեւ 3.5 մ լայնությամբ շերտ՝ ինժեներական հաղորդակցուղիներ անցկացնելու համար, որտեղ տեղադրվել է 1 կմ երկարությամբ ջրատար եւ 2 կմ երկարությամբ կենցաղային կոյուղի։ Բացի այդ, իրականացվել են ավտոմայրուղու ազդեցության գոտում եղած ինժեներական բազմաթիվ ենթակառուցվածքների (կապի, գազի, ջրագծերի, կոյուղագծերի, բարձր լարման էլեկտրագծերի, ոռոգման ուղիների եւ այլն) տեղափոխման եւ վերատեղադրման աշխատանքներ։ Հանրապետության նախագահին նաեւ զեկուցվել է, որ ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, արդեն կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու կառուցապատումն ու շինարարությունն իրականացրել է «Սահակյանշին» ՓԲԸ-ն: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը 7896,0 մլն դրամ է:
Իսակովի պողոտայի հատվածում Հանրապետության նախագահին եւ Երեւանի քաղաքապետին ներկայացվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ արագընթաց նոր ավտոմայրուղու նախագիծը: Համաձայն նախագծի՝ նոր ավտոմայրուղին կանցնի Հրազդան գետի վրայով եւ նախատեսվող «Երեւան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով, որը կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին, այդպիսով, ապահովելով Արշակունյաց պողոտայից Լենինգրադյան փողոց եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթեւեկը, որի շննորհիվ էապես կբեռնաթափվի մայրաքաղաքի կենտրոն եկող տրանսպորտային հոսքը։
«Մեր գլխավոր նպատակն էր մայրաքաղաքում ունենալ որակյալ եւ անվտանգ ճանապարհ: Նոր ավտոմայրուղին, ըստ էության, կարեւոր կապող հանգույց է դառնում երեք վարչական շրջանների միջեւ: Ի դեպ, ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային՝ տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երեւանում: Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցված արտաքին լուսավորության համակարգի ավելի քան 6 կմ երկարությամբ մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով: Կառուցել ենք նաեւ պոմպակայան ու անցկացրել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Եվ, ինչպես տեսնում եք, ճանապարաշինությանը զուգահեռ, նաեւ 5 հա տարածք կանաչապատել ենք, տնկվել է ավելի քան 2000 դեկորատիվ ծառ եւ թուփ։ Արդյունքում այսօր մենք վստահորեն կարող ենք ասել, որ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող, անվտանգ ճանապարհ, եւ մեր համաքաղաքացիները հանգիստ կարող են օգտվել նոր ավտոմայրուղուց: Այս ճանապարհի կառուցումը իրականում մեծ ձեռքբերում է Երեւանի համար եւ, ընդհանրապես, վստահ եմ նաեւ կհամաձայնեք, որ կենտրոնը շրջանցող ճանապարհների առկայությունը իսկապես կենսական անհրաժեշտություն է տրանսպորտային ծանրաբեռնվածության ներկա պայմաններում: Ըստ այդմ, մենք կշարունակենք քննարկել նմանատիպ ճանապարհներ ունենալու նոր ծրագրեր եւս», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


































