ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումներին, այդ թվում եւ Հանրային խորհրդում, մի քանի անգամ մասնակցել են նաեւ արհեստակցական միությունների մի շարք ղեկավարներ, ովքեր, սակայն, ոչ մի անգամ դեմ չեն արտահայտվել արհեստակցական միությունները ձեռնարկություններում աշխատավորների շահերի ներկայացուցիչների ինստիտուտով փոխարինելու մտքին։ Հունիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ներկայիս փուլի մասին։
Նրա խոսքով, օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելը նպատակ ունի պաշտպանել հատկապես այն ձեռնարկությունների աշխատավորների շահերը, որտեղ արհմիություններ չկան։ «Մենք այլընտրանք ենք առաջարկում. 2-3 հոգու փոխարեն, ովքեր կարող են միանալ եւ արհմիություններ ստեղծել, օրենսդիրը որոշել է ձեռնարկություներում մտցնել աշխատավորների շահերի ներկայացուցիչների ինստիտուտը, որը կլինի աշխատանքային կոլեկտիվի ժողովում 51 տոկոս ձայներով ընտրված, նրանց շահերը պաշտպանող մարմին»,- նշեց Հակոբյանը՝ ընդգծելով, որ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները կատարվում են գործարար միջավայրը, աշխատավորների եւ գործատուների շահերը պաշտպանելու համար։ «Այսօրվա դրությամբ արհմիությունները չեն կարողանում պաշտպանել աշխատավորների շահերը. սա հետխորհրդային սինդրոմ է. անգամ 6 տարի աշխատելուց հետո դրանք չեն կայացել»,- հստակեցրեց Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը՝ նկատելով, որ արհեստակցական միությունները առավել արդյունավետ աշխատանքի համար պետք է փոխեն իրենց աշխատելաոճը։
Ասուլիսի մյուս բանախոսներ, բուհերի ու զբոսաշրջության արհմիությունների ղեկավարներ Գառնիկ Վաղարշյանն ու Կառլեն Հարությունյանն իրենց հերթին հակադարձեցին, թե համաձայն չեն ԱԺ պատգամավորի այն մտքի հետ, որ Հայաստանում արհմիությունները լավ չեն աշխատում։ «Մենք պարզապես ուզում ենք ասել, որ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ընդունմամբ գործատուն աշխատավորների շահերի վերադասավորության հնարավորություն է ստանալու։ Որքան էլ փորձ արվի հավասարության նշան դնել արհմիությունների եւ աշխատավորների շահերի ներկայացուցիչների ինստիտուտի միջեւ, միեւնույնն է, շահելու է գործատուն»,- նշեց ՀՀ Սպորտի եւ զբոսաշրջության արհմիությունների ղեկավար Կառլեն Հարությունյանը՝ հավելելով, որ այս առումով ունեցած իր մտահոգությունները նա հայտնել է անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ «Կարծում եմ՝ երկրի նախագահն այնքան հեռատես մարդ է, որ չի հրաժարվի արհմիություններից»,- ամփոփեց նա։


























