Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 14-ին, հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության եւ գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից:

 Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ աշխատակազմից՝ Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին եւ հասցրել են մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալ, այցելել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տնտեսությանը:

 Հանրապետության նախագահը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչների այցը մեր երկիր եւ հույս հայտնել, որ երիտասարդ ղեկավարները կօգտվեն հայաստանյան այցի ընձեռած հնարավորություններից եւ նոր գործընկերային կապեր կհաստատեն, կծանոթանան Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարեւորել է Երիտասարդ նախագահների կազմակերպության գործունեությունը՝ ուղղված երիտասարդ գործարարների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը. միջավայր, որտեղ խրախուսվում են նոր տեսակետները, անընդհատ սովորելու եւ փորձը մյուսներին փոխանցելու ձգտումը՝ ոգեւորելով միմյանց:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ ղեկավարները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի հարաբերական առավելություններով, մեր երկրի զարգացման հեռանկարով, ներդրումային միջավայրով, իրականացվող բարեփոխումներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ եւ մի շարք այլ հարցերով: