Հանրապետության քաղաքացիների մեծ մասը դեմ է ցանկացած սոցիալական բեռի ավելացմանը, քանի որ երկրի տնտեսությունն այն վիճակում չէ, որ մարդիկ անընդհատ լրացուցիչ գումարներ մուծեն՝ թե էլեկտրաէներգիայի, թե ցանկացած այլ բանի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Հայկ Ավետիսյանը, որը հունիսի 14-ին մասնակցում էր Մաշտոցի պուրակում էլեկրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապվածմի խումբ մտահոգ քաղաքացիների հանրային քննարկմանը:
«Պետք է, որոշակի քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ, և այսօրվա քննարկումը հենց դրան է ուղղված: Պետք է նաև հասկանալ, թե խնդրի դրվածքը ինչպիսին պետք է լինի , ասինքն` էլեկտրաէներգիային վերաբերող հարցը ավելի լայն շրջանակում պետք է քննարկվի: Իմ կարծիքով՝ խնդիրը կարող է լուծվել, երբ մարդիկ ոտքի կանգնեն, դուրս գան փողոց, հանրային անհնազանդության դիմեն»,- ասաց Հայկ Ավետիսյանը, որը, հիշեցնենք, պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պյքարող ԴԵՄ ԵՄ նախաձեռնության անդամ է:
Միջոցառման մանակիցներից Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ նմանատիպ քննարկումները հնարավորոթյուն են տալիս մոբիլիզացնել մարդկանց` գտնելով արդյունավետ լուծումներ գոյություն ունեցող խնդիրների համար:
«Նախ պետք է այդ բնագավառը մի քիչ ուսումնասիրել՝ հասկանալու համար ինչ է կատարվում այնտեղ: Կարծում եմ՝ էլեկտրաէներգիայի հետ կապված ցանկացած հարց ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար , հետևաբար պետք է քննարկենք և փորձենք որոշակի մեխանիզմեր գտնել խնդրի լուծման համար: Այս քննարկումը յուրահատուկ ֆորմատ կամ դաշտ է, որի միջոցով մարդիկ կարող են միանալ, արտահայտել իրենց կարծիքը, օրինակ, ինչպես ես պատահական իմացել, եկել եմ մասնակցելու»,- NEWS.am-ին ասաց Հայկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 11-ին հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացումը նախատեսվում է 2014թ. օգոստոսի 1-ից՝ կՎտ.ժ-ի համար 3.85 դրամով (10-15%` խմբ.):




























