Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում Մեղրու տարածաշրջանում տեղակայված  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով հերթական նիստին ամբաստանյալների պաշտպան Անի Թորոսյանը միջնորդեց լրացուցիչ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն նշանակել՝ ևս մեկ անգամ պարզելու համար՝ Սահակյանը մահվանից առաջ արդյոք գտնվել է լարված կամ ընկճված հոգեվիճակում, ինքնասպանություն գործելու որևէ նախադրյալ կամ պատճառ ունեցել է, թե ոչ, երբ ինքնասպանություն գործելու միտքը կարող էր ծագած լինել նրա մեջ, հնարավոր էր արդյոք նման հոգեվիճակում գտնվելով կատակել, ծիծաղել ընկերների հետ (ինչպես քննության արձանագրություններում պատմել են ծառայակիցները), մշտապես խոսել տուն արձակուրդ գնալու մասին կամ ուտելիքից ընտրել ավելի ախորժալի պատառները։ Դատարանը իր որոշումը կհրապարակի հունիսի 16-ին:

Նույն օրը կներկայացվի նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ  փաստաբան Սյուզաննա Խչեյանի՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության պատասխանը։ Վերջինը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատաքիմիկոս Աշոտ Գասպարյանն իր տված եզրակացության նկարագրության մասում գրել է, որ տուժողի և ևս մեկ վկայի հագուստի վրա հայտնաբերվել են մետաղացման հետքեր, որոնք կրակոցի արգասիքներ են, իսկ հետևություններ մասում որևէ գնահատական չի տվել դրանց, նախորդ նիստերին էլ հայտնել է, թե դրանք ոչ թե մետաղացման հետքեր են, այլև աղտոտվածության նշաններ։ Այս հակասությունները ևս մեկ անգամ պարզաբանելու համար է Խչեյանն արդեն երկրորդ անգամ ներկայացրել կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Սահակյանը 2012թ. նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի առջև իրեն ամրակցված ինքնաձիգով  կատարել է ինքնասպանություն։ Իսկ ինքնասպանության դրդապատճառ է համարվում համածառայողներ Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի կողմից հալածանքն ու սեռական բնույթի վիրավորանքները Սարգսին՝ ստացված ծանրոցի սնունդը միայնակ ուտելու համար։ Այնինչ մահացածի ծնողները վստահ են, որ դա պարզապես իրական հանցանքը քողարկելու միջոց է և, որ իրականում իրենց որդուն սպանել է բոլորովին այլ մարդ։