Չինաստանի արեւմտյան Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում ոստիկանությանը հաջողվել է կանխել հարձակումը եւ ոչնչացնել երկու գրոհայինի:  Հարձակվողներից մեկն էլ վիրավոր է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ի երեկոյան` Հոթան քաղաքում: Դանակով զինված երեք մարդիկ ներխուժել են քաղաքի շենքերից մեկը եւ հարձակվել այնտեղ շախմատ խաղացող մարդկանց վրա:  Ժողովրդական ոստիկանության  զինված ջոկատը դեպքի վայր է ժամանել 80 վայրկյան անց, նշում է հեռուստատեսությունը: 

Հարձակման ընթացքում վիրավորվել է խաղաղ չորս քաղաքացի: Սկսվել է հետաքննություն:

Նշենք, որ ինքնավար մարզի տարածքում չինացիներից բացի ապրում են նաեւ մահմեդական ույգուրներ, մարզում գործում են Արեւելյան Թուրքստանի իսլամական շարժման գրոհայինները, որոնք ՉԺՀ-ից Սինցզյանի առանձնանալու կողմնակիցն են: Հենց այս խմբավորումն էլ պատասխանատու է 2009թ. Սինզյանում տեղ գտած խռովությունների համար:  Այն ժամանակ զոհվել էր 197 մարդ, 1700–ը վիրավորվել էին: