Անգլիայում եւ Ուելասում ուժի մեջ  մտել օրենքը, որով արգելվում է հարկադրանքով ամուսնությունը:

Այսուհետ նմանատիպ գործողությունները կգնահատվեն որպես քրեական հանցագործություն, որի համար նախատեսված է մինչեւ 7 տարվ ազատազրկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոր կարգը կգործի ինչպես Անգլիայի եւ Ուելսի տարածքում, այնպես էլ Միացյալ Թագավորության քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են արտասահմանում: Բրիտանիայի կառավարությունում համարում են, որ այդ օրենքը կօգնի փրկել հազարավոր մարդկանց, որոնք ամեն տարի բախվում են նման խնդիրների:

Նախորդ տարի կառավարական հանձնաժողովը, որը զբաղվում էր հարկադրանքով ամուսնությունների խնդրով, 1302 նման  դեպք է ուսումնասիրել: Այդ դեպքերի 82 տոկոսի դեպքում զոհ են դարձել կանայք, որոնցից 15 տոկոսը եղել է մինչեւ 15 տարեկան:
Այս խնդիրն առավել սուր է պակիստանցի ներգաղթյալների համար, դեպքերի 43 տոկոսը հենց նրանց հետ է կապված եղել:

Նշվում է, որ 2008-ից բրիտանական դատարանները հնարավորություն են ստացել ոչ կամավոր ամուսնությունների դեպքում որոշումներ կայացնել, սակայն միայն հիմա է այն ստացել քրեորեն պատժելի արարքի կարգավիճակ: