Թուրք-իսրայելական հարաբերությունների սրումից հետո Իսրայելը կփոխի իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ: Հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ դա ամենեւին էլ չի նշանակում, թե Իսրայելը կճանաչի այն:
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոսկե փափուշտ է, որը Իսրայելը դժվար թե ցանկանա հիմա օգտագործել Թուրքիայի դեմ։ Չեմ կարծում, որ թուրք-իսրայելական հարաբերություններն այս պահին այն սարսափելի աստիճանի վրա են, որ Իսրայելը այլ միջոցների հետ օգտագործի նաեւ Ցեղասպանության խնդիրը, նա դեռ լիքը այլ լծակներ ունի ազդելու Թուրքիայի վրա»,- նշեց փորձագետը:
Կովկասյան ինստիտուտի փոխտնօրենը նաեւ ասաց, որ թուրք-իսրայելական հարաբերությունների սրման նոր փուլը իր հետ լուրջ խնդիրներ է բերելու: Հարաբերությունների վատթարացման պատճառը, նրա կարծիքով, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում կարեւոր դեր խաղալու Թուրքիայի ցանկությունն է:
Մինասյանը նվազ հավանական է համարում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ պատերազմի բռնկումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները հատկապես սրվեցին մայիսի 31-ին իսրայելական զինուժի կողմից Գազայի հատված այսպես կոչված «մարդասիրական օգնություն» տանող` «Ազատ Գազա» առաքելության վեց նավերի վրա հարձակումից հետո, որից հետո Թուրքիան հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին:

























