Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական առաջին նիստից առաջ Երեւանի Կոնտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում հունիսի 12-ին ոստիկաններին օդամղիչ ատրճանակից կրակած ու նրանցից հինգին վիրավորած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա եւ հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել  տեղում  ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:

Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի  բաժին:

Ատրճանակն առգրավվել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հայկ Կ.-ն կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ դիտորդական խումբն այցելել էր Հայկին, որից հետո հայտարարել էր, թե վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am