Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքից Հայրենիք ժամանած ուխտավորներին` ուղեկցությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Սիմեոն աբեղա Օդաբաշյանի եւ Հյուսթոնի հոգեւոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանի:

Ողջունելով ուխտավորների այցը Սուրբ Էջմիածին` Գարեգին Բ-ն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել ամենքին` հորդորով, որ շարունակեն արդյունավոր կերպով կազմակերպել իրենց ազգային-հոգեւոր կյանքը եւ իրենց զավակներին կրթեն հայրենասիրական ոգով ու շնչով:

Նորին Սրբությունը կարեւորել է աշխարհասփյուռ հայության ուխտագնացությունները դեպի Հայրենիք, որոնք վերանորոգում են հայորդիների ազգային-հոգեւոր ձգտումները` հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հերոսական անցյալին եւ սուրբ հայրերի մաքառումներին:

Նա վերհիշել է նաեւ Հյուսթոն կատարած իր հովվապետական այցելությունները եւ մասնավորապես հանդիպումները համայնքի երիտասարդության հետ: