Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը շարունակում է ինտենսիվորեն զբաղվել Հակոբ Ինջիղուլյանի հարցով:
Այս մասին հունիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Անհետ կորած եւ զոհված ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյան:
«Հանձնաժողովն ինտենսիվ զբաղվում է Ինջիղուլյանի հարցով: Սակայն դեռ ոչ մի լուր չկա», - նշել է Ռիմա Առաքելյանը, հավելելով, որ հունիսի 12-ին Բաքվում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները այցելել են Հակոբ Ինջիղուլյանին: Ըստ նրանց հանձնած նամակի` նրա վիճակը լավ է:
Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ արդբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ի գիշերը: Ադրբեջանական կողմի պնդմամբ զինվորը երրորդ երկրի հանձնվելու ցանկություն էր հայտնել: Այնուամենայնիվ, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գերիներին՝ նրանց վերադարձը հայրենիք թույլ չտալու համար:





























