Եվրամիությունը Հայաստանին այն հարթություն կտեղափոխի, որտեղ համագործակցությունը հնարավոր է շարունակել: Այդ մասին հունիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նրա խոսքով՝ Վիլնյուսյան հռչակագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի հետ համագործակցության համար գրեթե ճանապարհ է բացել: «Տեղի է ունեցել նամակների փոխանակություն Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության  գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի միջեւ, որի ընթացքում հաստատվեց այն, ինչին հասել է Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցությունների 3.5 տարվա ընթացքում», - նշեց Պետրիկասը՝ ընդգծելով, որ Հայաստանը ուշ սկսելով՝ հասավ եւ նույնիսկ առաջ անցավ մնացածներից: Լիտվացի դիվանագետի համոզմամբ՝ Լիտվայի եւ Եվրամիության համար առաջին պլանում է արեւելյան երկրների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հետ համագործակցությունը:

Նա ընդգծեց, որ այժմ պարզապես ԵՄ-ը փորձում է որոնել եւ գտնել այն որոշակի ոլորտները, որոնց շրջանակներում համագործակցությունը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: «Հայաստանի հետ ոլորտային համագործակցությունը մեզ համար շատ կարեւոր է», - եզրափակեց Էրիկաս Պետրիկասը:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 28-29-ին ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» վեհաժողովի ընթացքում Հայաստանը չնախաստորագրեց Ասոցացման մասին համաձայնագիրը. ընդունվեց Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համատեղ հռչակագիր: