Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ իր քաղաքացիներին սպանելու համար Թուրքիան երբեք չի ների Իսրայելին։
«Թուրքիան ոչ մի դեպքում չի ների նմանօրինակ հարձակումը։ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները երբեք առաջվա նման չեն լինի»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։ Նրա ելույթը ուղիղ եթերով ցուցադրել է տեղական հեռուստաընկերությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իսրայելը թույլ տվեց իր պատմության ամենակոպիտ սխալներից մեկը, որի համար հետագայում շատ կզղջա»,- ավելացրել է Գյուլը։

Հիշեցնենք, որ օրերս իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին այսպես կոչված «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 «իրավապաշտպանների» եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ «իրավապաշտպաններ», իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» էր որակել՝ Իսրայելից ետ կանչելով իր դեսպանին: