Սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հունիսի 16-ին, տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա շնորհակալություն է հայտնել երեխաների ծնողներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարեւորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Նախարարը կոչ է արել այս հնարավորությունն առավելագույնս օգտագործել՝ հասակակիցների հետ ընկերանալու, Հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու համար: Նախարարը հորդորել է լավ սովորել մայրենին եւ հայրենի երկրի պատմությունը, կարեւորեց, որ աշխարհի բոլոր ծայրերում նրանք լինեն գիտելիքներով հարուստ եւ մրցունակ երիտասարդներ:
Ավանդույթի համաձայն՝ նախարար Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Թուրքմենստանից ժամանած13-ամյա Սամվել Հայրապետյանին, հագցրել է «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը եւ գլխարկը:
Ելույթով հանդես է եկել եւ ծրագրի կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ասաց Սուխումի շրջանի Յաշթխուայի թիվ 1. դպրոցի ուսուցչուհի Տիգուշ Հարությունյանը, ով Աբխազիայից ժամանած մասնակիցների խմբի ղեկավարն է:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական եւ արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր եւ երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:
Նշենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում են 65 պատանիներ եւ աղջիկներ 5 երկրից: Ծրագրի բացմանը ներկա էին նաեւ հյուրընկալ ընտանիքների անդամներ:




























