1992թ. հունիսի 16-ին Արցախի Թալիշ գյուղի անկման հիմնական պատճառը Շահումյանի անկումն էր։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողներին ասաց  Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը։

«1992թ. մայիսյան մեր հաղթարշավներից հետո, Շուշիի, Լաչինի ազատագրումից հետո, հունիսի 12-ին ընկավ Շահումյանի շրջանը, Թալիշը անմիջապես հարևանությամբ էր։ Այնտեղ մենք ունեինք 20 կմ շփման գիծ, որը պաշտպանում էին բնիկ թալիշցիները։ Ունեինք քիչ թե շատ զենք, զինամթերք, մարտական տեխնիկա, բայց Շահումյանի ընկնելուց հետո շփման գիծը դարձավ 55-60 կմ։ Շահումյանի շրջանը, որը էն ժամանակ մեր թիկունքն էր, դարձավ մեր ոխերիմ թշնամին, եւ հունիսի 16-ին մեր թիկունքից անտառներով Շահումյանի Գյուլիստան գյուղից հակառակորդը մեզ մոտ հասավ զենքով եւ մեծ քանակությամբ զրահատեխնիկայով, եւ մեզ համար անսպասելի տանկերով խփում էին մեր հենակետերին եւ բառիս բուն իմաստով գրոհում։ Դրանից հետո սկսեցին հարձակվել մարտական ուղղաթիռները, մենք այլընտրանք չունեինք, ընդամենը 300 մարտիկ, մեկ թնդանոթով, մոտ 100 ավտոմատ եւ ինքնաշեն զենքեր»,-պատմեց Միքայել Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները զինված էին խորհրդային զրահատեխնիկայով եւ ավիացիայով։

«Տարբեր տեղերից սկսում են խփել ընդամենը 300 հոգու վրա,  բայց հիմնական պատճառն այն էր, որ Թալիշի թիկունքը բաց էր, հանկարծակի եկան բոլորը, եւ շատ անկազմակերպ Թալիշը հանձնվում է Ադրբեջանին», - ասաց Միքայել Ապրեսյանը։

Թալիշը 2 տարի անց ազատագրեց 5-րդ բրիգադը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ. «1994թ. ապրիլի 14-ին հարձակվում է լեգենդար բրիգադը եւ երեկոյան կողմ վերցնում է, նույն ճանապարհով հետ ենք վերցրել»։

Այն ժամանակ Թալիշում ապրում էր մոտ 3350 բնակիչ, այսօր, պահեստազորի փոխգնդապետի խոսքով, 656 բնակիչ։ Գյուղում այսօր խնդիր է խմելաջուրը, օրը 1-2 ժամով են տալիս։ Գյուղն ամբողջությամբ այսօր պաշտպանված է, 2 զորամաս է պաշտպանում գյուղը։

Միքայել Ապրեսյանը վստահ է, որ ոչ մի ազատագրած տարածք երբեք չի հանձնվի Ադրբեջանին։

«Պատերազմը դեռ չի ավարտվել, սահմանայի գոտիներում Ադրբեջանը դեռ իր պարտությունը չի ընդունում, բայց պարտավոր է ընդունել. մենք ունենք պատմության մեջ առաջին անգամ այսքան մեծ թվաքանակով  մարտունակ բանակ»,- ասաց պահեստազորի փոխգնդապետը։