Հայաստանում ընտանիքների մեկ երրորդը չի կարողանում վճարել բնակարանի ջեռուցման համար: Այս մասին հունիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, այս տարի ջեռուցման խնդիրը, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի կրկնակի թանկացումը, կարող է զգալիորեն ազդել հայկական միջին ընտանիքի բյուջեի վրա: «Ցավոք, այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագրերը Հայաստանում բավականաչափ չեն զարգանում»,- հավելեց Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի, 1990-ական թվականներին, երբ Երեւանում օրական միջինը 2-3 ժամ հոսանք էին տալիս, իրեն հաջողվեց իր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի գրասենյակի տանիքին արեւային մարտկոցներ տեղադրել եւ այն էլեկտրականությամբ ապահովել: «Կառավարությունը չի համաձայնում նման ծրագրերը ֆինանսավորել՝ դրանք չափազանց թանկ համարելով: Բայց չեմ կարծում, որ այդ խելամիտ մոտեցում է»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում մեկ կիլովատ/ժամի համար 3.85 դրամով (10-15%) էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում է սպասվում: