Հրազդանի «Միկա Ցեմենտ» գործարանի շուրջ 300 աշխատակիցներ այսօր՝ հունիսի 16-ին, բողոքի ակցիա են կազմակերպել նախ գործարանի, ապա նաեւ Կոտայքի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով իրենց 6 ամսվա աշխատավարձերը։

«Հունվար ամսից սկսած՝ մեզ աշխատավարձ չեն բաժանել, ինչքա՞ն կարելի է էսպես, մենք ղեկավարությանը ներկայացրինք մեր պահանջները, իրենք էլ խոստացան երկու օրվա ընթացքում քննարկել, հորդորում էին մի քիչ համբերել, բայց ինչքան կարող ենք»,- հուսահատված պատմում էին բանվորները:

Բանվորներին գործարանի տնօրինությունը մեկ անգամ էլ հորդորել էր համբերել մինչև հունիսի 15-ը՝ խոստանալով վճարել, բայց չէր կատարել խոստումը:

Գործարանի մոտից աշխատակիցները գնացին Կոտայքի մարզպետարան՝ իրենց խնդիրները ներկայացնելու նորանշանակ մարզպետին.

«Դե մեզ մարզպետարանում հերթագրեցին, ու եկանք, բայց էսքանով չենք սահմանափակվում, հաջորդ ակցիան կազմակերպելու ենք հունիսի 19-ին՝ իրանց ասած երկու օրը լրանալու հաջորդ օրը»,- NEWS.am-ին փոխանցեցին բանվորները:

Հիշեցնենք, որ 2013թ. Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը սնանկ էր ճանաչվել, գրավադրվել ՎՏԲ բանկում, ապա դարձել բանկի սեփականությունը։