«Ֆիզիկա» առարկայի ընդունելության միասնական քննությունից առավելագույն միավոր է ստացել 45 դիմորդ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am-ին ասաց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
«Մասնակցել է 2058 դիմորդ, բացակա է եղել 64 դիմորդ: Միջին միավորը 11.7-ն է: Անբավարար է ստացել դիմորդների 20%-ը, առավելագույն միավոր՝ 45 դիմորդ»,-ասաց Արա Իսպիրյանը:
Նշենք, որ այսօր՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը դիմորդները կարող են բողոքարկել քննության արդյունքները: Ինչպես տեղեկացրեց Արա Իսպիրյանը, ժամը 15:00-ի դրությամբ Երևանի քննական կենտրոններում ընդամենը երկու դիմորդ է բողոքարկել քննության արդյունքները:
Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ՝ «Ֆիզիկա» առարկայից միջին գնահատականն ավելի ցածր է: Բացի այդ երկու դիմորդով պակասել է առավելագույն միավոր ստացողների թիվը: Նրա խոսքով այս տարի 2%-ով պակասել են անբավարար ստացող դիմորդները:
Հիշեցնենք, որ դիմորդները «Ֆիզիկա» առարկայից ընդունելության միասնական քննություն են հանձնել հունիսի 10-ին:




























