«Վանաձոր» առողջարանի եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի պահակ, դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով մայիսի 31-ին հիվանդանոց տեղափոխված 58-ամյա պահակ Լյովա Բուլղադարյանի վիճակն արդեն լավ է, նրան այսօր՝ հունիսի 16-ին, դուրս կգրեն։
«Այսօր դուրս են գրելու, վիճակը լավ է, մեզ ճանաչում է, դեռ նորմալ չի խոսում, բայց իր ուժերով քայլում է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Բուլղադարյանի որդին՝ Գարիկ Բուլղադարյանը։
Նրա խոսքով՝ հայրը չի պատմում կատարվածի մասին, իրենք էլ հարցեր չեն տալիս, քանի որ հուզվում է դեպքը հիշելիս։
«Դեռ բողոք չենք ներկայացրել ոստիկանություն, սպասում ենք՝ հայրս կազդուրվի, ինքը որոշի՝ ինչ անել»,-ասաց Գարիկ Բուլղադարյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դաժան ծեծի հետեւանքով մայիսի 31-ին ծանր վիճակում Վանաձորից Երեւան է տեղափոխվել 58-ամյա Լյովա Հրանտի Բուլղադարյանը։ Ոստիկանության նախնական տվյալով, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ 00։30-ի մոտ։ Արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Կատարվածի առնչությամբ ձերբակալել են 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանին, որը նախնական վարկածով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, փնտրել է իր ընկերներին։ Բենիկ Ալեքսանյանն ընդունել է, որ ինքն է ծեծել պահակին։ Իր ցուցմունքում նա գրել է, որ ՌԴ եւ ՀՀ երկքաղաքացի է, Հայաստան է եկել վերջերս, եւ ինքը «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի Մոսկվայի չեմպիոն է։





























