Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում այսօր՝ հունիսի 16-ին կեսգիշերի շրջանում Նար-Դոսի փողոցում ավազակային հարձակման եւ հնչած կրակոցների վերաբերյալ:
Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Հունիսի 16-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ և շտապ անհրաժեշտ է ոստիկանության օգնությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ 48-ամյա Մարտուն Մ.-ն կատարել է ավազակային հարձակում:
57-ամյա Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:
Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտուն Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նար-Դոսի փողոցում, այսօր՝ հունիսի 16-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ 48-ամյա մի տղամարդ ատրճանակով զինված ներխուժել է Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող խանութ եւ ատրճանակի սպառնալիքի ներքո վաճառողուհուց գումար պահանջել եւ այդ ընթացքում կրակոցներ արձակել:
Պարզվել է՝ այս քաղաքացու ինքնությունը, նա հաշվառված է Սյունիքի մարզի Դարպաս գյուղում: Դեպքի վայր են ժամանել իրավապահները եւ բերման ենթարկել կրակողին:
Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով, ինչպես նաև հայտնաբերվել է 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:





























