Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայացած ընտրություններում պայքարող երկու թեկնածուները` գործող համայնքապետ Մեժլում Իսրայելյանը և Անդրանիկ Հախումյանը ստացել էին հավասար ` 61-ական քվե:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 8-ին հանրապետության 59 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 9-ին` մինչեւ ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում միայն Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել Տրետուք համայնքում կայացած ավագանու անդամի եւ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 2 դիմումներ, ինչպես նաեւ Կութ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին մեկ դիմում: