Կառավարության դիմաց ապրիլի 17-ին մուկ եւ կատու բաց թողնելու պատճառով 20 հազար դրամ տուգանքի ենթարկված Սուսաննա Մարգարյանին այսօր՝ հունիսի 16-ին, Ազատության հրապարակում այդ գումարը հավաքելու համար դրամահավաք անցկացնելիս բերման ենթարկելուց մոտ կես ժամ անց ազատ են արձակել։

Տիկին Սուսաննան NEWS.am-ին ասաց, որ ոստիկանության բաժնում իր հետ բացատրական աշխատանք են տարել՝ հորդորելով դրամահավաք չանցկացնել:

«Ոստիկանությունում ինձ ասացին, որ իրենք տուգանքի կասեցման հայտ են ներկայացրել. քանի որ ես անվճարունակ եմ, ուզում են մարդկայնորեն օգնել»,- պատմեց Սուսաննա Մարգարյանը:

Կին-ազատամարտիկը երկու օր կսպասի. եթե տուգանքի կասեցման վերաբերյալ դրական պատասխան չլինի, կշարունակի դրամահավաքը: