Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանին ազատ են արձակելու համար երաշխավորել են ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Ռոբերտ Սարգսյանը, քանի որ համոզված են, որ նման արարքի համար կալանավորելն այնքան էլ ճիշտ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը:

«Սամվել Քոթանջյանին շատ վաղուց ճանաչում եմ, Արայիկ Քոթանջյանի ընտանիքի հետ մտերիմ եմ: Այ դրա համար էլ ստորագրեցի: Ցանկացած մարդ կարող է նման իրավիճակում հայտնվել, դրա համար կալանավորել այնքան էլ ճիշտ չի: Գտնում եմ, որ կալանքի ժամանակավոր փոխարինումը շատ ավելի ճիշտ է, եւ թող քննություն ընթանա եւ երբ մեղավորները կպարզվեն, այդ ժամանակ էլ մենք կխոսենք: Ամեն դեպքում ես ճիշտ եմ արել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 6-ի երեկոյան պաշտոնյայի տան մոտ՝ ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ նշելով միայն, թե նախաքննությունն ամեն ինչ կպարզի:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի խորհրդականի որդին երաշխավորությամբ ազատ է արձակվել այսօր:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Քոթանջյանը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ: Հունիսի 10-ի երեկոյան օդ կրակած Սամվել Քոթանջյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: