Հրազդանի որոշ թաղամասերում այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 14.30-ի սահմանում, շուրջ 15 րոպե տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ծառերի ճյուղեր են պոկվել, գյուղական թաղամասերում վնասվել են սածիլներ և մշակաբույսեր:

«Կարկուտը շիթիլները ծակել ա, լոբու նոր ծիլերը, պտղատու ծառերի  պտուղները թափել» ,- NEWS.am-ին պատմեցին Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչները, որոնց մեծ մասը կորցրել է բերքը, քանի որ չի հասցրել սածիլները ծածկել ու պաշտպանել կարկուտից:

Լոբու բերքը գրեթե ամբողջությամբ կորցրել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչները՝ հունիսի 14-ի ցրտահարության պատճառով։

«Առավոտը վեր կացանք, տեսանք՝ սաղ լոբու ծիլերը թոշնած ու սևացած են, նույնը նաև կարտոֆիլինը: Դե հույս չունենք, որ նորմալ կարտոֆիլ կունենանք, իսկ լոբին նորից պիտի ցանենք, հազար դժվարությամբ ցանում ենք, բնությունն էլ իր դաժան խաղն է խաղում»,- սրտնեղած պատմեցին դդմաշենցիները։