Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանին նորից տեղափոխել են մենախուց, որտեղ կմնա 15 օր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մերաբի հարազատները:

«Հունիսի 14-ին նորից մենախուց են տեղափոխել, հենց աղջկա ծննդյան օրը: Այնտեղ կպահեն 15 օր: Թե ինչու են նման պատիժ սահմանում, չգիտենք, բայց Մերաբը նորից հացադուլ է հայտարարել: Մենք էլ շատ ենք անհանգստանում, որովհետեւ առողջական վիճակն էլ լավ չէ, քանի որ բժիշկները հրաժարվում են օգնել»,- ասաց նա:

Նշենք, որ մենախուցում անմարդկային պայմաններ են: Մերաբ Ալոյանը օրական ընդամենը 6 ժամ է քնում, իսկ մնացած ամբողջ ժամանակ ստիպված է ոտքի վրա մնալ, աթոռ կամ անկողին չկա:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում: