Ակնհայտ է, որ իշխանությունները չեն պատրաստվում հետ կանգնել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման իրենց մտադրությունից: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց «Դեմ եմ» շարժման ակտիվիստ Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով, նոր օրինագծում արտացոլված է այն ամենը, ինչի դեմ ակտիվիստները պայքարում էին. քաղաքացիների խտրականություն (պետական եւ մասնավոր հատվածում աշխատող) եւ պարտադիր կուտակային համակարգից հրաժարում:
Մեկ այլ ակտիվիստ՝ իրավաբան Մերի Խաչատրյանը, նկատեց, որ օրինագծից չի հանվել մասնավոր սեփականության անձեռնմխելիության մասին ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի հետ հակասությունը:
«Մենք այս օրինագծի դեմ փորձելու ենք պայքարել ցանկացած օրինական ակցիաներով եւ միջոցներով»,- հայտարարեց Արշակյանը:
«Դեմ եմ»-ի ակտիվիստներն Ազգային ժողովում հանդիպել են խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի ներկայացուցիչների հետ, ովքեր այսօր համատեղ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը:
Կառավարության նոր օրինագիծը ներկայացվելու է խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկելու է հունիսի 18-ին:





























