Սիրիական Քեսաբ քաղաքի վարչակազմը պատրաստվում է ընդունել վերադարձող բնակիչներին: Այս մասին նշվել է Սիրիայի պետական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված տեսանյութում:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Լաթաքիայի շրջանի Քեսաբ քաղաքում ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո կառավարական ուժերին հաջողվել է գրավել նաեւ մոտակա ռազմավարական բարձունքները: Քաղաքի փողոցներում զինյալների կողմից ոչնչացված ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Արդեն հայտնվել են նաեւ առաջին բնակիչները, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչ է մնացել իրենց ունեցվածքից:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան հիմնականում հայերով եւ ալեւիներով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքը ենթարկվեց սիրիական ընդդիմության զինված խմբավորումների լայնածավալ հարձակման: Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ Սիրիայի վրա հարձակվել էին Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել է Լաթաքիա քաղաք: Կառավարական ուժերը Քեսաբն ազատագրել են նախօրեին: