Ֆուտբոլի հանդեպ սերը չինացի երկրպագուին մահվան է հասցրել: Երիտասարդը մահացել է մի քանի անքուն գիշերներից հետո, որոնք նա անցկացրել է Աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումները դիտելով:

25-ամյա ֆուտբոլասերը Չինաստանի արեւելյան Սիչժոու քաղաքի բնակիչ է: Նրա մարմինը հայտնաբերել են հունիսի 14-ի առավոտյան, հեռուստացույցի առջեւ: Դրանից մի քանի ժամ առաջ հեռարձակվել է Նիդեռլանդների եւ Իսպանիայի հավաքականների մրցապայքարը, որն ավարտվել է 5:1 հաշվով:

Բժիշկները հանգել են եզրակացության, որ երիտասարդը մահացել է քանի պակասի պատճառով: Չի բացառվում, որ գերհոգնածության հետեւանքով նա սրտի կաթված է ստացել:

Ըստ Vesti.ru-ի, ժամանակային տարբերության պատճառով Բրազիլիայից աշխարհի առաջնության խաղերը Չինաստանում հեռարձակվում են ուշ գիշերին: Այնպես որ՝ ուղիղ եթերում խաղերին հետեւելու ցանկություն ունեցող չինացիները ստիպված են լինում հրաժարվել քնից:

Բժիշկները ֆուտբոլասերներին խորհուրդ են տալիս հանուն խաղերի քնից հրաժարվելուց առաջ սթափ գնահատել սեփական ուժերը: Առավել եւս, որ քնի պակասի եւ գերհոգնածության հետեւանքով մահվան դեպքերն այնքան էլ հազվադեպ չեն: Այսպես, անցյալ տարեվերջին հաղորդվում էր, որ Ինդոնեզիայի բնակչուհին 30 ժամ անընդմեջ աշխատելու արդյունքում վախճանվել է:

Անցյալ տարի նույն կերպ մահացել է նաեւ Ամերիկյան բանկում փորձաշրջան անցնող 21-ամյա երիտասարդը: Նա երեք օր շարունակ աշխատել է 20 ժամ անընդմեջ եւ գերհոգնածությունից մահացել: