«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական ընդունելության քննության արդյունքները բողոքարկել է 123 դիմորդ, որոնցից 103-ի բողոքը կապված է եղել գնահատականի վերահաշվարկի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
«Բողոքները հիմնականում վերահաշվարկի հետ են կապված: Երեխան ասել է` ես այսքան էի հաշվել, կախված է այսքան: Գնահատականը հաշվելիս իրենք մասնավորապես հաշվի չեն առել պնդումների փնջի գնահատման մեխանիզմը: Իսկ մի մասի մոտ էլ խնդիրներ է առաջացել նրանից, որ իրենք թվերը ճիշտ չեն գրել: Եթե դիմորդն իսկապես ճիշտ է լինում, խնդիրն իր օգտին է լուծվում»,- ասաց Արա Իսպիրյանը`տեղեկացնելով, որ բոլոր քննությունների բողոքարկման արդյունքները կամփոփվեն և կփակցվեն քննական կենտրոններում հունիսի 28-29-ին:
Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ թեստերում ոչ մի սխալ չի եղել, հետևաբար՝ այդ առումով գնահատականի բարձրացում չի լինի:
Անդրադառնալով գրավոր, բովանդակային բողոքներին`նա նշեց, որ դրանք կքննարկի բողոքարկման հանձնաժողովը` հունիսի 23-ից 26-ին:
Արա Իսպիրյանը տեղեկացրեց նաև, որ տեխնիկական բողոքներ ունենալու դեպքում դիմորդները դեռ կարող են դիմել ԳԹԿ և գրել իրենց բողոքը:
Հիշեցնենք, որ դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն էին հանձնել հունիսի 6-ին: Քննությունից 5 օր անց քննությունների արդյունքները տեսնելով՝ դիմորդներն անակնկալի էին եկել, քանի որ գնահատակններն ավելի ցածր էին եղել, քան իրենք հաշվել էին: Նրանք NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ տեղյակ չեն եղել, որ պնդումների բաժնում կատարած իրենց մեկ սխալի դիմաց կրկնակի միավոր է դուրս գալիս:




























