Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին նախորդ տարվա օգոստոսի 1-ին քաղաքապետարանի մոտ վրան տեղադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցի քննությունը ՀՀ Վարչական դատարանում այսօր՝ հունիսի 16-ին, հետաձգվել է, քանի որ ոստիկանները դատարան չեն ներկայացրել վրանը:

«Անցած  դատական նիստին դատարանը որոշել էր, որ ոստիկանությունը պետք է վրանը, որպես իրեղեն ապացույց, բերեր դատարան՝ այն զննելու համար: Սակայն ոստիկանության ներկայացուցիչներն այսօր վրանը չէին բերել: Նրանք պարտավորվեցին այն ներկայացնել հաջորդ դատական նիստին»,-NEWS.am-ին ասաց Կիվիրյանը: Նա նշեց, որ ոստիկանները պարտավոր են առգրավված իրը փաթեթավորել, սակայն նրանք այսօր դատարանում հայտարարել են, որ վրանը փաթեթավորված չի:

Կիվիրյանի խոսքով սա ապացույցն է այն բանի, որ ոստիկանությունը ոչ իրավաչափ է գործում բոլոր հարցերում: Նա նշեց, որ իրենք կարևոր են համարում վրանի զննությունը, քանի որ կասկած ունեն, որ առգրավված վրանը ոստիկանությունը կորցրել է: «Վրանի զննությունը մեզ անհրաժեշտ է նրա համար, որ տեսնենք՝ արդյոք վրանը առկա է թե ոչ: Չի բացառվում, որ ոստիկանությունը կորցրել է մեր վրանը»,-նշեց Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմաց վրանի տեղադրման ակցիայից հետո Կիվիրյանին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության բաժին:

Նույն դեպքի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, որտեղ Կիվիրյանը տուժողի կարգավիճակով է: Արգիշտի Կիվիրյանը վստահ է, որ այդ գործը տրամաբանական ընթացք չի ունենալու: «ՀՔԾ-ն զբաված է ոստիկանների գործողությունները արդարացնելով: Հավանաբար, ինչ-որ ժամանակ քննության իմիտացիա կիրականացնեն, հետո կկարճեն գործը»,-ասաց նա՝ նշելով, որ եթե իրենք ՀՀ դատական ատյաններում արդարության չհասնեն, դիմելու են մարդու իրավունքների եվրոպական դատարան: