Մարտի 1-ի սպանությունները չբացահայտված մնալու հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները կքննարկեն խորհրդարանականների, ինչպես նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ առ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-ի սպանությունների համար, փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած համազեկուցող Աքսել Ֆիշերը պատասխանել է. «Մենք այդ հարցը քննարկել ենք նաեւ մեր նախորդ այցի ժամանակ, վաղը պատրաստվում ենք այն եւս մեկ անգամ քննարկել խորհրդարանում, ամենայն հավանականությամբ նաեւ Հայաստանի նախագահի հետ: Ես կարծում եմ, որ մենք մեր զեկույցում անդրադարձ կկատարենք այդ խնդրին»։

Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ առ այսօր սպանությունների համար պատասխանատու անձանց հայտնաբերելու հարցում իշխանություններն այդպես էլ որեւէ արդյունքի չեն հասել, Աքսել Ֆիշերը պատասխանել է. «Մենք այդ հարցը պատրաստվում ենք տալ Հայաստանի խորհրդարանականներին, նաեւ միգուցե նախագահին»։

Փաստահավաք առաքելությամբ այսօր Հայաստան ժամանած համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը ողջ օրվա ընթացքում հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայուցուցիչների եւ իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ՝ նրանց հետ քննարկելով երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ոստիկանության եւ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի հարցով համազեկուզողին հարցրել ենցինք, թե ինչպե՞ս են գնահատում ժողովրդավարության վիճակը Հայաստանում, եւ մասնավորապես, ոստիկանության գործելաոճը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները բազմիցս են բարձրաձայնում բաժանմունքներում եւ ոստիկանական մեքենաներում տեղի ունեցող ծեծի եւ կտտանքների մասին: Ֆիշերն ասաց, թե այս պահին որեւէ գնահատական տալ չի կարող, այս փուլում իրենք լսելու են բոլոր կողմերին, որից հետո վերադառնալու են Ստրասբուրգ եւ իրենց հավաքած փաստերը քննարկելու են նախ Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովում, ապա եւ այս ամսվա վերջին կայանալիք ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանի լիագումար նիստում, որտեղ էլ կներկայացնեն իրենց զեկույցը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ավելի քան 7 ամիս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի հարցը, ում իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալ են համարում: Հայաստանի հարցով համազեկուցողները այսօր առաջին անգամ են լսել Շանթ Հարությունյանի գործի մասին:

«Ես այդ մասին այսօր առաջին անգամ եմ լսում, այդ իսկ պատճառով պետք է այդ հարցը քննարկենք նաեւ այլ մարդկանց հետ՝ հասկանալու համար, թե որն է ճշմարտությունը եւ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»,- ասաց Աքսել Ֆիշերը՝ հավելելով, թե իրենց կարճատեւ այցի ընթացքում դժվար թե կարողանան հանդիպել Շանթին:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։