NEWS.am-ը զրուցել է քիչ առաջ ազատ արձակված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի հետ։ Նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի առաջ իր ընկերների հետ  սպասում էր  դատարանի որոշմանը հունիսի 1-ին ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ։ Դատարանն այժմ քննում է խուլիգանություն կատարելու մեջ կասկածվող Դ.Քիրամիջյանի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի որոշումը։    

 

Անի, ինչպես ե՞ս քեզ զգում 72 ժամ ժամանակավոր կալանքի վայրում գտնվելուց եւ ապա ազատ արձակվելուց հետո։

- Շատ լավ։ Քանի որ հենց առաջին օրվանից ամենավատին էի պատրաստվել։ Վատին սպասելուց հետո, երբ ինձ արդեն ազատ արձակեցին, ինձ շատ լավ եմ զգում։

Դու իսկապե՞ս  բռնություն ես կիրառել ոստիկանի հանդեպ, ինչպես որ ոստիկանությունն է պնդում իր հաղորդագրության մեջ։

- Ես ո՜չ ոստիկանի, ո՜չ էլ այլ քաղաքացու հանդեպ որեւէ ապօրինություն կամ  հանցագործություն չեմ կատարել։ Այնպես որ՝ ինձ ձերբակալելը 100 տոկոսանոց ապօրինություն էր։

Իսկ չես վախենո՞ւմ, որ քեզ կրկին կհետապնդեն։

- Ո՜չ, չեմ վախենում։ Ապօրինություններն ամեն քայլափոխին են, ամեն օր էլ կարող են պատահել։ Եթե իմ մասնագիտական գործունեության հետ կապված ինձ ապօրինի ազատազրկում է սպասվում, ապա թող այդ մասին ապօրինություն կատարողները մտածեն։ Ես մտածելու որեւէ բան չունեմ։

Իսկ այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են ոստիկանության գործունեությունն ու ընդդիմության զանգվածային ակցիաները, ի՞նչ կմաղթես։

- Մաղթում եմ՝ մինչեւ վերջ անել այն, ինչ պարտավոր են անել որպես լրագրող, հասարակությանը ներկայացնել իրականությունը։ Եւ ոչ մի բանից վախենալ պետք չի։ Ի վերջո՝ ապօրինություններ կատարած բոլոր մարդիկ, լինեն սովորական քաղաքացիներ, թե իշխանության ներկայացուցիչներ, վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու։ Անհնար է խուսափել արդարադատությունից։

Հատուկ ուզում եմ նշել, որ Դավիթ Քիրամիջյանը մայիսի 31-ին ոստիկանության ապօրինի գործողությունների ժամանակ իմ կյանքը մի քանի անգամ փրկել է՝ քաղաքացիական եւ ոստիկանական համազգեստով ոստիկանների ճանկերից։ Եւ Դավիթն իմ կյանքը փրկելու համար է հիմա գտնվում դատարանում։ 

Զրուցեց Հեղինե Մանուկյանը