Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը հունիսի 16-ին հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ՝ քննարկելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Առաջարկում ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Մենք ցանկանում ենք անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Հենց այդ նպատակով էլ հանդիպումներ ենք ունենում խմբակցությունների հետ, արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: ՕԵԿ-ից ներկայացել են Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը:

Նշենք, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջ ներկայացրել է նաեւ քառյակն իր 12 կետերի մեջ: