Հունիսի 17-ին, ժամը 09:30-ին մեկնարկած «Մաթեմատիկա» առարկայից ընդունելության միասնական քննության համար գրանցվել է 6001 դիմորդ, քննությունը կտեւի 3 ժամ (ֆոտոռեպորտաժ):
ԵՊՀ քննական կենտրոնում 235 դիմորդից 8-ը բացակայում են: Բացականերից մեկը քննության է ներկայացել 30 րոպե ուշացումով, և նրան թույլ չեն տվել մասնակցել քննությանը:
«Ես ժամը չգիտեի, չէի տեսել, որ գրված է թերթիկի վրա: Ասեցին՝ բժշկի թուղթ պետք է ներկայացնեմ, որ թույլ տան երկրորդ փուլին մասնակցել»,-NEWS.am-ին ասաց դիմորդը:
Նշենք, որ սա դիմորդների մեծ մասի երրորդ կամ երկրորդ քննությունն է: Դիմորդների խոսքով՝ չնայած քննությունն ամենից բարդն է իրենց հանձնածներից, բայց ավելի հանգիստ են, քանի որ ծանոթ են քննական կարգին:
Քննական կենտրոնի դրսում նրանց սպասող ծնողների անհնագստությունը, սակայն, այս քննությանն ավելի մեծ է:
«Անհանգիստ եմ, որովհետև մաթեմատիկա է, բարդ է շատ: Խնդիրները, որ շտեմարաններում են, շատ ավելի բարդ են, քան նրանք, որ կան դպրոցական դասագրքերում»,-NEWS.am-ին ասաց ծնողներից Ռոզա Քոչարյանը:
Նշենք, որ մինչեւ այս դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» առարկաներից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























